ՄԱԿ-ի կողմից 2011-2012թթ. իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը մոտ ապագայում կարող է լուրջ ազդեցություն թողնել ժողովրդագրության վրա և հանգեցնել ցավալի հետևանքների: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունը հայտնեց ՄԱԿ-ի՝ Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: «Սեռերի անհամամասնությունը ցայտուն բացահայտվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում. 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որն, ըստ երևույթին, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,-ասաց նա` ընդգծելով, որ հայերի մոտ տղա ունենալու մոլուցքն ավելի շատ նման է քմահաճույքի, և եթե ուրիշ երկրներում տղա ունենալու հանգամանքը պայմանավորված է ուրիշ պատճառներով, մեզ մոտ հայ ընտանիքները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում. «Առկա է երեք գործոն` անվան փոխանցումը, ունեցվածքի փոխանցումը և օր ծերության խնամքի հարցը, այսինքն՝ որ տղաները հետագայում պահեն իրենց ծնողներին»,-պարզաբանեց Հայրապետյանը` կանխատեսելով, որ նման իրավիճակը շարունակվելու դեպքում 2060 թվականին Հայաստանում 93 հազար մարդ չի ծնվի: Բավականին մտահոգիչ է այն, որ այսօր հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկներից, և հղիության վաղ շրջանում, որոշելով երեխայի սեռը, ժամանակին կանխում այն: Բացի այդ, գաղտնիք չէ նաև, որ մեր երկրում զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ:
Ըստ բանախոսի, Հնդկաստանն ու Չինաստանը ևս կանգնած են սոցիալական և ժողվրդագրական լուրջ խնդրի առաջ. «Չինաստանում շուրջ 60 մլն մարդ մոտենում է միայնակ ծերության»,-տեղեկացրեց նա` հավելելով, որ տղաների քանակական գերակշռությունը կհանգեցնի քրեական երևույթների ավելացմանը:
Չնայած այս ամենին, առկա է մի դրական միտում՝ այն է, որ ընդհանուր աբորտների թիվը պակասել է: Ընդհանուր հղիությունների թիվը մինչև 2010 թվականը նվազել է 29 տոկոսով` 2005 թվականի 47-48 տոկոսի դիմաց:
Գ. Հայրապետյանն առաջարկեց խնդրի լուծման հետևյալ տարբերակները. «Ամենակարևորն այն է, որ մեր հասարակությունում փոխվի վերաբերմունքը կնոջ նկատմամբ։ Այսօր մեզ մոտ կանայք հիմնականում աշխատում են միջին օղակներում, բայց բարձր օղակներում նրանց թիվը բավարար չէ։ Ժողովրդի մոտ չկա վստահություն, որ կինը կարող է հաջողակ լինել և ֆինանսապես ապահովված: Անհրաժեշտ են նաև բժիշկների, ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցությունը, քանի որ այստեղ մեծ է նաև նրանց դերը»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ